Լույսի թափանցումներ՝  որպես աղոթք կամ խոստովանություն

Ցուցահանդեսներ կան, իսկ դրանք հազվադեպ են պատահում, երբ ներկայացված գործը, դրա շուրջը խմբված մարդիկ եւ ինքը՝ հեղինակը, կարճ ժամանակ անց այնպես են մերձենում միմյանց, մտերմանում, որ մի ամբողջության են վերածվում, ջնջվում են սահման ու պայմանականություն, սրահում մթնոլորտը փոխվում, ասես էներգիաների փոխանակում է տեղի ունենում, մետամորֆոզ: Երբեմն թվում է՝ մեծ սրահները մի թերություն ունեն, դրանք կորցնում են հայացքի ու նկարի միջեւ կայանալիք հանդիպման մտերմիկ պահը: Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» սրահի՝ ոչ այդքան մեծ տարածքը զրույցի է հրավիրում մարդկանց, այս առումով այն շատ հարմարավետ է, մանավանդ երբ հյուրընկալվող պատկերները գաղտնիք են ունենում պահած, անգամ եթե դրանք այնքան էլ դյուրընթեռնելի չեն, եւ որոշ ճանապարհ կա նկարի ու դիտողի միջեւ՝ հեղինակի գեղարվեստական մտածողության, աշխարհընկալման, ստեղծագործական փուլերի ճանաչողության առումով:

Սարո Գալենցը՝ Գեղակադեմիայի, որտեղ երկար տարիներ դասավանդում է, ցուցասրահում օրեր առաջ ներկայացնում էր իր վերջին շրջանի աշխատանքների մի շարք.  «Թափանցող լույսը» խորագիրն արդեն իսկ միտքդ ուղղում է այս երկու բառերի գաղտնիքին. այն թե՛ բանաստեղծական, թե՛ փիլիսոփայական է, երեւակայությունդ ինչ-որ տեղ առեղծվածային որոնումների  տանող, խորհրդածությունների մղող: Որտե՞ղ, մեր կյանքի ո՞ր ծալքերն է թափանցում լույսը, ապա անհետանում, թափառում. ինչո՞ւ ենք անդադար որոնում նրան, ինչո՞ւ է ձգտումը դեպի աղբյու՛րը լույսի: Նկարներում լույսը փախչող է, մերթ հայտնվում, մերթ թաքնվում է, լույսի ու ստվերի փոխներթափանցումների, դրանց հետագծերի, շարժման լաբիրինթոսում որոնումների անվեջանալի պտույտ է, պատ է, դադար է, շարժում, երբեմն հեղձուկ, երբեմն բաց, անարգել հոսք… ինչպես կյանքն ինքն է՝ կորագծերի, ելեւէջումների, վայրէջքների ու վերելքների անհայտներով  ճանապարհ:

Այդ օրը՝ հոկտեմբերի 10- ին լրանում էր նկարչի ծննդյան 70 – ամյակը: Սրահը լեցուն էր, հաճելի էր ուսանողների ներկայության բազմաքանակությունը: Նա սիրում է իր ուսանողներին. դա փոխադարձ է՝ ստանում ես այն, ինչ տալիս ես: Ներկա էին կոլեգաներ, ընկերներ, ակադեմիայի ռեկտորը՝ վաղեմի մտերիմ ընկեր Արամ Իսաբեկյանը: Հնչած խոսքերի մեջ նախեւառաջ անկեղծություն, ակնածանք ու սեր կար:

Սարո Գալենցը հայ մշակութային կյանքին անկրկնելի գույն ու հմայք հաղորդած Հարություն եւ Արմինե Կալենց ամուսինների զավակն է, նրանց հոգեւոր ժառանգության արժանի կրողն ու շարունակողը: Հարություն Կալենցի նկարչական աշխարհը անվերջանալի գաղտնիքի մի զարմանալի շղթա է, որտեղ ոչինչ երբեք չի կրկնվում, ինչպես կյանքի բացվող ամեն օր նման չէ նախորդին, որտեղ յուրաքանչյուր անգամ՝ գույնը, ձեւը, պատկերը բացվում են խորհդավոր շղարշով, դրանք երբեք չեն «մերկանում», չեն գաղտնազերծվում, միաժամանակ շատ թափանցիկ են  ու թեթեւ, առինքնող իրենց քնարականությամբ, խորը՝ հուզականությամբ: Մեկ այլ գեղեցիկ աշխարհ է ներկայացնում Արմինե Կալենցի նկարչությունը: Տարիների համատեղ կյանքը նրանց գեղարվեստական աշխարհները չի նույնացրել, պահել է միմյանցից անկախ՝ տարբեր անհատականություններ, տարբեր մոտեցումներ, ձեռագրեր,  ոճեր: Այնպես որ Սարո Գալենցի մասին խոսք ասողները՝ Արամ Իսաբեկյանը, Կարեն Աղամյանը, Հարություն Սամուելյանը, Արա Հայթայանը, անհնար էր՝  անդրադարձ չանեին արվեստագետների այս հրաշալի ընտանիքին:

«Հայաստանում մարդկային, նկարչական մթնոլորտ ստեղծած ամենալավ ընտանիքներից մեկն է Կալենց ընտանիքը: Այն մթնոլորտը, որ ստեղծվել էր Կալենցների շուրջը՝ նրանց ապրած կյանքի, ստեղծագործության շնորհիվ, եզակի երեւույթ էր,  պատիվ կբերեր ամենազարգացած եվրոպական յուրաքանչյուր երկրի,- ասաց Արամ Իսաբեկյանը: Մենք ուրախ ենք, որ տեսել ենք այդ մեծերին, իսկապես բարեբախտություն է, որ իմ կյանքի ընկերն է եղել եւ շարունակում է մնալ այդ ընտանիքի  տաղանդավոր զավակը՝ Սարո Գալենցը: Հրաշալի արվեստագետ, միաժամանակ չափազանց համեստ՝ իր անձի հանդեպ: Տարիներ շարունակ նա զբաղված է իր ծնողների աշխատանքները հանրությանը ներկայացնելով ու դա անում է հիանալի՝  կառուցել նման թանգարան, ցուցադրություններն այդպես ինքնատիպ ու ճաշակով կազմակերպել, եզակի է  հայաստանյան պայմաններում: Իսկապես տաղանդավոր ընտանիքի իսկական ժառանգորդ, որ  իր առանձնահատուկ արվեստով փայլել է տարիներ շարունակ: Նա այն արվեստագետներից է, իսկ դա իսկական արվեստագետի կերպար է, որ միշտ փնտրումների մեջ է, չի կարող հանգստանալ: Արվեստագետը չի կարող նոր ուղիներ չփնտրել, նոր ճանապարհներ դուրս չգալ, թերեւս նաեւ այդ շրջանում ինչ- ինչ դժգոհություն առաջացնելով արվեստաբանների շրջանակում, թե՝ իր գործը թող անի, կամ՝ իր նման չի: Սարոն խորը նայող արվեստագետ է, մտածող արվեստագետ: Նրա ստեղծագործություններում մտածմունք կա, խոհ կա,  գիտելիքներ կան, մեծ ինտելեկտ կա, պրպտող միտք ունի, նաեւ այն քչերից է, որ կարդացող է…»:

Ցուցասրահում ներկայացված աշխատանքները ընկալվեցին՝ մեկ որպես գրաֆիկական, մեկ որպես գեղանկարչական ոճի մեջ. էականը, թերեւս,  ստեղծագործության միտումն է, կոնցեպտը, որը մտածողական- փիլիսոփայական հենք ու գաղափարաբանություն ունի: «Շատ  նուրբ մոտեցում է՝ թե ինչպես կարելի է արվեստագետի մեկ շերտը մատուցելով՝ իր ամբողջ խորությունը ներկայացնել: Սա վերջին տարիների իր գեղագիտության զտված, շատ մաքրված տարբերակն է՝ իր արվեստի ամփոփումը: Մինիմալիզմի մեջ խոսք է ասված, թե որ ամենաէական էլեմենտն է արվեստագետը թողել իր արվեստում եւ որից ձերբազատվել, – համոզված է Արա Հայթայանը: Արվեստի նպատակը մարդուն մտերմիկ խոսք ասելն է: Սա այդ մտերմիկ  զրույցն է, մարդու գոյաբանության  հիմնավոր կետին է միտված այս զրույցը:

Մշակույթի մեծ երեւույթի ետեւում է այսօր կանգնած Սարոն՝ տեր կանգնելով ընտանեկան ամբողջ ժառանգությանը եւ նաեւ մեզ համար ստեղծելով հիանալի արվեստային միջավայր, որ կարծես դոնկիխոտություն լինի մեր օրերում՝ հանձին Կալենց թանգարանի: Նաեւ տեսնելով իր դստեր՝ Արմինեի գործերը, հետաքրքիր շարունակություն եմ տեսնում՝ ընտանիքի արվեստային ջիղի եւ քաջալերում եմ»:

Երբ դասախոսը նաեւ ստեղծագործող է, երկակի կերպարով է ուսանողին ներկայանում՝ որպես մարդ – մանկավարժ եւ որպես արվեստագետ: Խոստովանեննք, որ անկեղծության պակասի մեր օրերում, երիտասարդները հատկապես դժվարանում են սրտի խոսք ասել: Սակայն այստեղ, այս սրահում մթնոլորտն այս առումով նույնպես գեղեցկացավ. անակնկալը դիզայնի ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Վանուհի Հովհաննիսյանը մատուցեց: Խոստովանեց, որ նկարները, հատկապես սիրելի դասախոսի կերպարն է իրեն ներշնչել այնքան, որ երաժշտական գործ է ստեղծել՝ փորձելով դա անել նրա ստեղծագործություններին եւ մարդկային նկարագրին համահունչ: Ինչպես կարող է նկարը հնչել երաժշտության մեջ, ինչպես լսելի դարձնել լույսի թափառող ձայնը ՝ որսալ շարժման ուրվագծերի հետքերը, երբ մի  հարթությունից անցումը մեկ այլ վիճակի մեզ անտեսանելի,  անզգայելի է,  նկարչի երեւակայած, պատկերի, լույսի շարժման հետագծի մեջ պատկերացնել մեկ այլ չափում, զգալ այլ ձայներ, այլ հոսքեր… խոսեցնել, միախառնել  հնչյունը եւ պատկերը, մեղեդին ու գիծը:

Սարո Գալենցի խոսքը այսպես սահուն – աննկատ միացավ, ձուլվեց  երաժշտության ձայներին: Ես դժվարանում եմ հիշել հուզմունքի այսչափ անկեղծ ու փխրուն պահ, դժվարանում եմ հիշել այսչափ կարճ, բայց խորությամբ այսքան ազդեցիկ խոսք: Տպավորություն կար, թե բառերը հուզմունքից կիսատ մնացին, սակայն ոչ՝ ամեն ինչ ասված էր.

«Ուզում եմ աղոթքի կամ խոստովանության պես բան ասել:

Ես ուրախ եմ, որ հայ եմ եւ ծնվել եմ Հայաստանում: Ուրախ եմ, որ ծնվել եմ Կալենցների ընտանիքում, ուրախ եմ իմ ուսուցիչների համար, ուրախ եմ, որ այս ակադեմիան ինձ կրթություն է տվել, ուրախ եմ, որ ունեմ այս ընկերներին, ունեմ այսպիսի եղբայր, այսպիսի կին եւ զավակ: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ուսանողներ, որ իմ կյանքի կեսն են… »:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

МАГИЯ ВЫСТАВКИ САРО ГАЛЕНЦА